211652_close_icon
views-count5164 դիտում article-date 18:22 31-03-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կառուցվող այգում իրականացվող ծառատունկին

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծառեր է տնկել Էրեբունի թանգարանի հարակից հատվածում կառուցվող հանգստի նոր գոտում: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կառուցվող այգին կդառնա Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հերթական նախաձեռնություններից մեկը: «Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են մաքրման և ծառատնկման աշխատանքներ: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը համաքաղաքային ծառատունկերին և շաբաթօրյակներին, ինչը ցույց է տալիս, որ բոլորը ցանկանում են իրենց մեծ տունը՝ Երևանն ավելի բարեկարգ, մաքուր և կանաչապատ տեսնեն: Քաղաքապետարանի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ և մեր նպատակն է վերականգնել երբեմնի կանաչապատ Երևանը: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի ու հետևողականության շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,- նշել է քաղաքապետը: Ինչ վերաբերում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ հիմնվող այգուն նշվել է, որ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է տարածքում կառուցել ամֆիթատրոն և արհեստական լճակ, նաև ստեղծել շախմատի մեծ հարթակ, ինչպիսին տեղադրված է Ազնավուրի հրապարակում: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ու որոշվել է, որ այգին ունենա արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Հարկ է նաև նշել, որ հենց բարերարի ցանկությամբ, այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել: Այն լինելու է նստարաններով, զրուցատաղավարներով ու մանկական խաղահրապարակով կահավորված հանգստի գոտի, որի 70 տոկոսը կլինի կանաչապատ: Շնորհակալություն հայտնելով այգու կառուցումն իրենց միջոցներով իրականացնող Բադալյանների ընտանիքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարիներին ակտիվացել է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին: «Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրի շրջանակում Էրեբունի թանգարանի հարակից այս հատվածում, ձևավորվելու է գեղեցիկ հանգստի գոտի: Առիթն օգտագործելով իմ շնորհակալությունն եմ հայտնում բարերարին՝ Բադալյանների ընտանիքին, այս իսկապես ողջունելի նախաձեռնությամբ հանդես գալու համար, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Երևանը բոլորիս մեծ տունն է և յուրաքանչյուրն իր չափով կարող է մասնակցություն ունենալ մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման գործում: Համոզված եմ, որ այս այգին կդառնա Էրեբունու բնակիչների սիրված հանգստի գոտիներից մեկը, նաև, ինչու չէ, թանգարան այցելող զբոսաշրջիկների համար կլինի հրաշալի հանգստի վայր: Եվ, ընդհանրապես, շնորհակալություն մասնավոր հատվածի մեր բոլոր մյուս գործընկերներին, ովքեր վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման աշխատանքներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2018թ.-ին մայրաքաղաքի հոբելյանական տարվան ընդառաջ շահագործման կհանձնվի նաև Մյասնիկյանի արձանի ետնամասում մասնավոր ներդրումներով՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին և երևանցիներին ավելի հայտնի Մալիբույի այգին: Հարկ է նշել, որ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ այս տարի համայնքային ծրագրերով ևս նախատեսվել ու որոշ տեղերում արդեն սկսվել են այգիների և պուրակների բարեկարգման աշխատանքներ: Մասնավորապես նոր, բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Երևանի 2750-ամյակի, Մալաթիա-Սեբաստիայի Սիրո և հավատի այգիներում, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի հարակից հանգստի գոտում: Եվս երկու նոր հանգստի գոտիներ էլ կկառուցվեն Նոր Նորքի 7-րդ զանգվածում:

Նմանատիպ նյութեր