211652_close_icon
views-count4984 դիտում article-date 16:49 02-04-2018

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Էլբֆիլհարմոնիայում ընդունվեց ծափահարությունների և «բրավո» բացականչությունների տարափով

Մարտի 28-ին Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի շքեղ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնքան շքեղ ու փառահեղ կատարողականությամբ ներկայացրեց հայկական երաժշտությունը՝ հայ կոմպոզիտորների երկու սերունդ՝ Արամ Խաչատրյան և Էդուարդ Հայրապետյան։ Համերգի առաջին բաժնում սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեցին Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, որը կոմպոզիտորը գրել է հատուկ այս համերգի համար և նվիրել է Նարեկ Հախնազարյանին։ Էլբֆիլհարմոնիայում կայացավ կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Նվագախմբի և մենակատարի կողմից Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի մեկնաբանությամբ՝ դահլիճը շնչում էր նուրբ ու կրքոտ, ուժգին ու հմայիչ հնչերանգներով, որոնք ամբողջովին բացահայտում էին հեղինակի մտահղացումները, ներազդում մարդկանց հոգիների վրա՝ հաղորդելով գեղեցիկ զգացողություններ։ Երեկոյին ներկա էր նաև Էդուարդ Հայրապետյանը, ում ստեղծագործությունը ջերմությամբ ու ծափահարություններով ընդունվեց ունկնդրի կողմից։ Էլբֆիլհարմոնիայի հանդիսատեսը երկար ժամանակ թույլ չէր տալիս կոմպոզիտորին, մենակատարին և դիրիժորին հեռանալ բեմից։ Համերգի առաջին մասի ավարտին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ունկնդիրներին նվիրեց կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը։ Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան, որն ունկնդիրների կողմից ընդունվեց ծափահարությունների, բրավո բացականչությունների տարափով։ Հանդիսատեսը չդադարող հոտնկայս ծափողջույններով ստիպեց դիրիժորին մի քանի անգամ վերադառնալ բեմ։ Որպես բիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկաներին նվիրեց խաչատրյանական ևս երկու ստեղծագործություն՝ «Դիմակահանդես» սյուիտից Վալսը և «Գայանե» բալետից հանրահայտ «Սուսերով պարը»։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Էլբֆիլհարմոնիայում իրենք ներկայացրել են հայկական ժամանակակից և դասական երաժշտություն։ «Սա մի նշաձող է. մարդիկ տեսնում են, թե ինչ հարուստ և ինքնատիպ ավանդույթներ ունի Հայաստանը։ Փաստը, որ համերգի տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ, և դահլիճի ջերմ ընդունելությունը խոսում են այն մասին, որ մարդիկ սպասում են նոր երաժշտություն, նոր արժեքներ։ Հաճելի է տեսնել նման ջերմ ընդունելություն Էլբֆիլհարմոնիայում։ Տպավորիչ է, որ մեր երաժշտությունը հուզում ու հաճելի պահեր է պարգևում դասական երաժշտության մեծ ավանդույթներ ունեցող Համբուրգի արվեստասեր հանրությանը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նա նաև կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց ՀՀ Նախագահին, մշակույթի նախարարությանը, որոնք աջակցել են կյանքի կոչել այս պրոյեկտը։ Համերգին ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանը նշեց, որ ինքը հպարտ է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացավ իր կատարումներով հիացնել գերմանացի հանդիսատեսին։ Աշոտ Սմբատյանը նկատեց, որ մեկ համերգով նվագախումբը գերմանացի հասարակությանը ներկայացրեց հայ ժողովրդին, մեր պատմությունն ու մշակույթը։ Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը շեշտեց, որ Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը Եվրոպայի լավագույն համերգային դահլիճներից է, և նման հեղինակավոր համերգասրահում հայկական երաժշտությունը կատարելը, Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի համաշխարհային պերմիերան ներկայացնելը մեծագույն պատիվ է։ Dorn Music գործակալության հիմնադիր Տանյա Դորնը շնորհավորեց նվագախմբին, Սերգեյ Սմբատյանին, Նարեկ Հախնազարյանին և Էդուարդ Հայրապետյանին պրեմիերայի կապակցությամբ, որն այնքան ջերմ ընդունվեց Էլբֆիլհարմոնիայի ունկնդրի կողմից։ Նա նշեց, որ տպավորված է Թավջութակի կոնցերտի և Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հիանալի կատարումից։ Տանյա Դորնը վստահություն հայտնեց, որ գերմանացի հանդիսետեսը նման հիանալի երաժիշտների լսելու փորձ չի ունեցել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ արտասահմանյան կանգառն ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում է՝ 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում։

Նմանատիպ նյութեր