5013 դիտում
20:42 03-04-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ. Պատարագին
Ապրիլի 1-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ. Պատարագին, որը մատուցել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սերովբէ վարդապետ Իսախանյանը:
Պատարագից հետ նախարար Հրանուշ Հակոբյանը Քյոլնի Սբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառման: Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանավորությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանիայի Հայ գործարարների միության, Քյոլնի հայ համայնքի և «Սիլվա Կապուտիկյան» կանանց միության կողմից:
Միջոցառմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ:
Անդրադառնալով Արցախյան ազատագրական շարժմանը՝ Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել, բռունցքվել, շարժումը դարձավ դարերով հայ ժովովրդի մեջ խտացած ազատության, միավորման կանչը, արթնացրեց ողջ հայությանը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Արցախի ներկային, նշել է, որ այն այսօր իր ժողովրդավարական համակարգով, անցկացվող ընտրությունների թափանցիկությամբ և օրինականությամբ, պետական ինստիտուտներով կայացած պետություն է:
«Հպարտությամբ պետք է նշել, որ սփյուռքահայերի, մեր դիվանագետների աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ում 6 նահանգ, Ավստրալիային Նոր Ուելս նահանգը ճանաչեցին Արցախի Հանրապետությունը: Այսօր, իհարկե, Ղարաբաղյան հիմնահարցը միջազգային հանրության սեղանին ու օրակարգում է, խնդրի խաղաղ լուծման գործընթացը կարգավորվում է Մինսկի խմբի ձևաչափով, սակայն մենք լավ գիտենք, որ գործ ունենք տմարդի հակառակորդի հետ: Այս առումով մեր հայրենակիցները պետք է շարունակեն իրենց բնակության երկրների տեղական, նահանգային իշխանություններին ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցը՝ օգտագործելով նաև լոբբինգի ճկուն զինանոցը: Մեզ համար Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին բանակցություններն այլընտրանք չունեն»,-ընդգծել է Սփյուռքի նախարարը:
Միջոցառման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայի Հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին, միության խորհրդի անդամներին և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Շավարշ Հովասափյանին հանձնել է նախարարության պարգևներ:
Ապրիլի 2-ին Գերմանիա աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Քյոլնի հայ համայնքի վարչության անդամներին: Նախարարը կարևորել է համայնքի կազմակերպվածությունը, համայնքի վարչության անդամների կատարած աշխատանքը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել է համայնքում սրբորեն պահպանել մայրենի լեզուն, հայ ինքնությունն ու կապը Հայրենիքի հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին, «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը, հուլիսի 6-8-ը կայանալիք համահայկական երիտասարդական հավաքին:
Սփյուռքի նախարարը հանդիպել է Գերմանահայ գործարարների միության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրին, հնարավորություններին ու հեռանկարներին, զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամների հետ: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակաման 100, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված տոնակատարությունների անցկացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքներում:
Ապրիլի 3-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների կենտրոն և հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղի հետ: Երկուստեք կարևորվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման գործընթացը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
832 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար