211652_close_icon
views-count2782 դիտում article-date 12:18 06-04-2018

Մշակվել է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների հետագա օգտագործման ծրագիրը

Մշակվել և ՀՀ կառավարության նիստում (06.03.2018թ.) հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը, որի նպատակը՝ հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված թվով 206 կիսակառույցների հետագա օգտագործման համար պետական քաղաքականության ամրագրումն է, համայնքների քաղաքաշինական և բնապահպանական միջավայրի կանոնակարգումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախքան ծրագրի ընդունումն իրականացվել են այդ կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննություններ և պարզվել է, որ առկա 206 կիսակառույցներից՝ 58-ը ունեն անբավարար տեխնիկական վիճակ և ծրագրի համաձայն ենթակա են քանդման 2019-2021թթ. ընթացքում, թվով 119-ը բնակելի և 28 հասարակական շենքեր պիտանի են հետագա օգտագործման համար և դրանց շինարարության ավարտմամբ կարող է շահագործման հանձնվել ավելի քան 165 հազար քառ.մետր մակերես: Կիսակառույցների շինարարության ավարտման ծրագիրն ընդգրկելու է 2019-2023թթ. ժամանակահատվածը, արժեքը կազմում է շուրջ 34.3 մլրդ. ՀՀ դրամ, ինչը 35%-ով էժան է, քան համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարությունը, որի համար կպահանջվեր շուրջ 52.8 մլրդ. ՀՀ դրամ: Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, համայնքների բյուջեների և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ծրագիրը հնարավորություն է ստեղծում նաև պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցների օտարման և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր