211652_close_icon
views-count8048 դիտում article-date 15:28 06-04-2018

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական տեղամասեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 կմ հիմքի և 19.5 կմ ենթահիմքի տեղադրում։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Նախարարը հանձնարարեց տեմպերն ավելի արագացնել, ճանապարհի բետոնապատ երկու հատվածների միացումն ավարտել և առաջիկա ամիսներին այս հատվածում երթևեկությունը մասնակի բացել։ Թալին-Լանջիկ ճանապարհի 80-րդ կմ-ում «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մասնագետների կողմից ենթահիմքի փորձարկման աշխատանքներ են ընթանում։ Հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճանապարհի հարթության և ենթահիմքի ստուգում։ Որակի վերահսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները նախարարին ներկայացրին իրենց դիտարկումները ընթացող աշխատանքների վերաբերյալ, մանրամասնեցին դրանց առանձնահատկությունները։ Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց բարձր որակ ապահովելու կարևորությունը, հանձնարարեց առավելագույն ուշադրություն կենտրոնացնել փորձարկման արդյունքներին, թույլ չտալ որևէ՝ անգամ աննշան թվացող շեղում։ Այցի ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցեց նաև Մաստարա համայնքի վարչական տարածքում իրականացվող ծառատունկին։ Համաձայն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված ծառերի փոխարեն վերատնկում իրականացնել 1:10-ի հարաբերակցությամբ։ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ, որը պարտավորվել է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել դեկորատիվ ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր