211652_close_icon
views-count7022 դիտում article-date 16:31 07-04-2018

Հայ-հոնկոնգյան կամավորական ճամբար «Զվարթնոց» արգելոց-թանգարանում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2018» ծրագրի շրջանակում, ապրիլի 2-6-ը հյուրընկալել էր հայ-հոնկոնգյան առաջին միջազգային կամավորական ճամբարի մասնակիցներին: 12 կամավորներն այս տարի Հոնկոնգից էին, ևս 4-ը` Հայաստանից: Տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող 26-37 տարեկան երիտասարդների առաջին էքսկուրսիան անցկացվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Կամավորները նաև հուշարձանի տարածքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել: Նրանք մեր երկրում են «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության հրավերով /ղեկավար Ստեփան Ստեփանյան/: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և ՀՈՒՋ-ը առաջին տարին չէ, որ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս: Հոնկոնգից ժամանած երիտասարդներից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Նրանց գրավել է հայկական հյուընկալությունը, մեր լեռնային երկիրը, կլիման, ճարտարապետությունը, պատմամշակութային հուշարձանները։ Հայաստանը տեսնելու ու նրա գեղեցկությամբ հիանալու համար կամավորների մի մասը ծրագրից մի քանի օր շուտ էր ժամանել, մյուսները` բացը կլրացնեն և ու Հայաստանն իրենց համար կբացահայտեն առաջիկա օրերին: Նրանք կլինեն պատմամշակութային մի շարք հուշարձանների տարածքներում: Հոնկոնգցի երիտասարդները հայկական մշակութային ժառանգության մասին արդեն իսկ ունեն վառ տպավորություններ: Նրանք եղել են «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանում, Գեղարդում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում։ Միջազգային կամավորական ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանի փոխանցմամբ բազմաթիվ միջոցառումներից մասնակիցներին տպավորել էին հատկապես հայկական և չինական խոհանոցների օրերը։ Նախ ճամաբարի հայ կամավորները հյուրերին ծանոթացրել են խաղողի տերևով պատրաստվող հայկական տոլմայի ու խորովածի գաղտնիքներին, ապա միասին պատրաստել ու համտեսել են ուտեստները: Հայ կամավորներից հետ չեն մնացել նաև հոնկոնգցի երիտասարդները։ Նրանք պատմել են իրենց ազգային խոհանոցի մասին, ապա Հոնկոնգից բերած համեմունքներով «Կպչուն բրինձով սալյամի» և բրինձի ալյուրից պատրաստված գնդիկներով քաղցր արգանակ են եփել: «Այսօր ամփոփել ենք ճամբարից ստացած տպավորությունները։ Հոնկոնգցի կամավորները, որոնց թվում նաև ճամբարի կազմակերպման գործում փորձ ունեցող երիտասարդներ կան վառ տպավորություններով են մեկնում մեր երկրից: Նրանք վստահեցրել են, որ հաջորդ անգամ Հայաստան կգան իրենց ընկերների հետ», -ասել է ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանը։ Ճամբարի ավարտին «Պատրիմոնիտո 2018թ.» ծրագրի մասնակիցներին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՈՒՋ-ի անունից պատվոգրեր են հանձնվել: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր