98570 դիտում
13:07 15-04-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 27-ամյա վարորդը ВАЗ 2115-ով բախվել է հսկայական քարերին և 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. նրան հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գարիկ Սադոյանը Մարգարա–Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2115 մակնիշի 35 FG 154 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սադոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանի գլխավորությամբ և հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով:
Ճանապարհին արդեն վիրավորը տեղափոխվել է վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի հետաքննիչներ Էդգար Ավդալյանն ու Հայկ Վարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել նույն վարչության ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ս. Սուքիասյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+