142935 դիտում
09:38 16-04-2018
Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan-ը մխրճվել է МАЗ-ի մեջ. մահացածներին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ժամանել են ՀՀ ՃՈ պետի տեղակալն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Nissan մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ուղեմասի աջակողմյան կողմնակում կայանված МАЗ մակնիշի 39 ԼԼ 337 համարանիշի ամբարձիչին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա կողքի ուղևորը տեղում մահացել են, իսկ հետնամասում գտնվող ուղևոր՝ 36-ամյա Մարատ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ օղակի հրամանատար Մինասյանի գլխավորությամբ, որից հետո վերջինիս պահանջով օպերատիվորեն ժամանել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը։
Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ գրեթե 1.5 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել վիրավոր Մ. Համբարձումյանին, ու մինչ փրկարարները դուրս կբերեին նրան, բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով տևական ժամանակ մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավտոմեքենան, որից հետո մահացածների դիերը դուրս բերեցին անվտանգ վայր։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Դիլանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+