16109 դիտում
18:56 19-04-2018
Հավաքի մասնակիցներին կոչ եմ անում հանդես բերել զսպվածություն և պատասխանատվություն. ՀՀ նախագահ
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին մայրաքաղաքում ընթացքող բողոքի ակցիաների հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Ա. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով։ Նա նաև կոչ է արել հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերել զսպվածություն և պատասխանատվություն:
[b]Հայտարարությունում ասվում է.[/b]
«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:
Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:
Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:
Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:
Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:
Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:
Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»