211652_close_icon
views-count8528 դիտում article-date 18:20 26-04-2018

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը

Երեկ՝ ապրիլի 25-ին, Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Երեկոյի ամբողջ ընթացքում մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչում էր Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։ Ունկնդիրները վայելեցին հատվածներ ռուս մեծ կոմպոզիտորի «Կարապի լիճը» սյուիտից, ինչպես նաեւ նրա Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Մաքսիմ Վենգերով) «Չայկովսկու ստեղծագործությունները Մաքսիմ Վենգերովի հետ նվագելու ենք առաջին անգամ։ Սակայն մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ, ուստի կարող եմ երաշխավորել համերգի հաջողությունը»,- ելույթից առաջ լրագրողներին ասել էր դիրիժոր Սմբատյանը։ Այդպես էլ եղավ. համերգը անցավ մեծ հաջողությամբ, հանդիսատեսը երկարատեւ ծափահարություններով թույլ չէր տալիս հեռանալ մենակատարին եւ նվագախմբին։ «Դիրիժորի եւ մենակատարների միջեւ փոխըմբռնումը շատ կարեւոր է ելույթի համար, նույնիսկ շատ ավելի կարեւոր քան միայն պրոֆեսիոնալիզմը։ Եվ պետք է ասեմ, որ այդ փոխադարձ զգացողություններն ու ըմբռնումը իմ ու Սերգեյ Սմբատյանի միջեւ կա, եւ դա շնորհիվ մեր ընկերության ու այն բանի, որ Սերգեյն ինքը նույնպես ջութակահար է։ Պետք է խոստանամ, որ գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին, որպեսզի միասին կատարենք Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար»,- ասաց Վենգերովը՝ ավելացնելով, որ իրեն միշտ տպավորում է այն էներգիան, էնտուզիազմը, որը ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի ավարտին որպես բիս երաժիշտները կատարեցին մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Հիշեցնենք, որ Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ որպես պաշտոնական նվագախումբ հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր