211652_close_icon
views-count6705 դիտում article-date 23:30 23-04-2018

MEDICI TV-ն ուղիղ եթերում հեռարձակել է Հայաստանի սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ ելույթը Մալթայի փառատոնի շրջանակներում

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հերթական անակնկալն էր պատրաստել իր հյուրերի համար։ Ապրիլի 22-ին նույն բեմի վրա էին երկու նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ունկնդրին ներկայացվեց համաշխարհային պրեմիերա՝ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարում» սիմֆոնիկ ցիկլը, և հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։ Համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI հեռուստաընկերությունը։ Մեծ պաշարումը Մալթայի հերոսական պատմության մի դրվագն է, երբ 1565 թվականին Օսմանյան կայսրության զորքերը փորձում էին գրավել կղզին։ Ուժերի հսկայական լարումով և ցուցաբերած դիմադրության շնորհիվ Մալթային հաջողվել է հաղթանակ տանել։ Ներկայացնելով Ալեքսեյ Շորի սիմֆոնիկ ցիկլը՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Ալան Չիրկոպը նշեց, որ Մեծ պաշարման թեման լայնորեն հետաքրքրում է տեղի հասարակությանը։ Հեղինակը՝ Ալեքսեյ Շորը, պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ ստեղծագործությունը գրելու գաղափարը կապված է Մալթայի պատմության հետ և հատուկ գրված է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի համար։ Կոմպոզիտորի խոսքով՝ սա երկու նվագախմբերի համար գրված նրա առաջին գործն է։ Սերգեյ Սմբատյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է իրեն զգում փառատոնի 8-րդ օրը (նվագախումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով), նշեց, որ իրոք շատ էմոցիոնալ և հագեցած շրջան է, որը բոլորի համար որոշակի փորձություն է։ «Ամենօրյա համագործակցությունը մեծագույն երաժիշտների հետ էներգիայի մեծ հոսք է տալիս մեզ»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Իսրայելցի լրագրողներից մեկը դիմեց Սերգեյ Սմբատյանին. «Ցանկանում եմ Ձեզ փոխանցել, որ հանդիսատեսը շատ բուռն քննարկում է Ձեր նվագախմբի կատարողական բարձր մակարդակը և դիրիժորի՝ Ձեր հմայիչ առանձնահատկությունը։ Արդեն պարզ է, որ Դուք վիրտուոզ եք ղեկավարում մեկ նվագախումբը, երկու նվագախմբի հետ աշխատելիս ի՞նչ ջանքեր են պետք գործադրել»։ Ի պատասխան՝ մաեստրո Սմբատյանը նշեց, որ կոլեկտիվներից յուրաքանչյուրն ունի իր գեղարվեստական ոճը. «Ինձ շատ հետաքրքիր է հետևել երկու նվագախմբերի ներդաշնակությանը, որոնք լրացնում են մեկմեկու՝ ստեղծելով հզոր մի հնչողություն, որը թույլ է տալիս փնտրել նոր երանգներ»։ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Զիգմունդ Միֆսուդը նշեց, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար, ինչը մեկնարկել է 2018 թվականի հունվարին և այսօր արդեն հասել նոր մակարդակի։ «Սերգեյ Սմբատյանը պրոֆեսիոնալ բարձրագույն մակարդակ, առանձնահատուկ երաժշտական տեսլական ունի, և մենք շատ գնահատում ենք դա։ Երկու նվագախմբերի համատեղ ելույթ մեզ մոտ դեռ չի եղել, և դա շատ հետաքրքիր փորձ է մեզ՝ երաժիշտներիս, ինչպես նաև ունկնդրի համար»,- ասաց կոլեկտիվի տնօրենը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը նույնպես կհեռարձակվի MEDICI հեռուստաընկերությամբ։ Ապրիլի 22-ի համերգի տեսագրությունը MEDICI հեռուստաընկերությամբ կարող եք դիտեք հետևյալ [url=https://www.medici.tv/en/concerts/sergey-smbatyan-conducts-khachaturian-and-shor-malta-international-music-festival/]հղմամբ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր