136186 դիտում
20:54 29-04-2018
Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. «Nissan»-ը 300 մետր գահավիժելով, գլխիվայր հայտնվել է անդունդում. վիրավորներին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Միրզոյանի գլխավորությամբ:
Փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, նաև վտանգելով իրենց կյանքը, անդունդից դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից, և տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են նաև ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գահավիժել անդունդը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ` 35-ամյա Վիկտոր Միխայլովը, 38-ամյա Անահիտ Զաքարյանն ու 43-ամյա Արման Երիցյանը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մասնագիտությամբ օպերատոր է, մեկը՝ ռեժիսոր, մեկն էլ՝ ադմինիստրատոր:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ ավտոմեքենայում եղել է նաև շուն, և երբ մեքենան գահավիժել է անդունդը, շունը դուրս է եկել ճանապարհ և իր հաչոցներով գրավել վարորդների ուշադրությունը, և երբ վարորդները ավտոմեքենաները կայանել են ու մոտեցել շանը, շունը վազել է դեպի վթարի վայր ու այդ ժամանակ վարորդները նկատել են անդունդում գլխիվայր հայտնված ավտոմեքենան ու վիրավորներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+