211652_close_icon
views-count3693 դիտում article-date 11:41 02-05-2018

Պուտինը, Սահակաշվիլին, պատերազմ, պատժամիջոց. «խուլ և կույր» լինելու տարաշխարհիկ բացատրությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «ՀՀԿ եզրույթն, իմ կարծիքով, ճշգրիտ չի ներկայացնում իրավիճակը: Այդ կուսակցության տոմս իսկապես ունեն հազարավոր մարդիկ, որոնք վերցրել են այդ տոմսը` տարբեր, բայց հաստատ` ոչ գաղափարական մղումներից ելնելով: Այդ մարդիկ ճիշտ նույն ձևով են վերաբերվում իշխանություններին, ինչպես մեր հարյուր հազարավոր ոչ ՀՀԿ-ական համաքաղաքացիները: Հետևաբար, երբ խոսվում է ՀՀԿ-ի մասին, մարդիկ նկատի ունեն տարբեր մակարդակի պաշտոնյաներին (այդ թվում` դպրոցների տնօրեններին): Նրանց համար էլ կուսակցական տոմսը որևէ կապ չունի գաղափարների կամ համոզմունքների հետ: Դա ավելի շուտ «ուդո» է, «նառուշիլովկա», որը ցույց տալով, հնարավոր է խուսափել պատասխանատվությունից` օրենքին հակասող գործողություններ կատարելիս: Նույն հաջողությամբ նրանք կարող էին լինել (և շատերը եղել են) կոմունիստներ և ՀՀՇ-ականներ: Վերջին օրերին, ասելով ՀՀԿ, նկատի ունենք այդ անունը կրող խորհրդարանական խմբակցությունը: Այսինքն` մարդկանց, որոնք կարծես թե պետք է որ քաղաքական գործիչներ լինեին: Բայց որքան հասկանում եմ` քաղաքական գործչի գլխավոր հատկանիշը պետք է լինի իրականության մասին ադեկվատ պատկերացում ունենալը, այստեղ է, որ ՀՀԿ-ական պատգամավորները, մեղմ ասած, խնդիր ունեն: Որոշակի իշխանական շրջանակում ապրող մարդկանց հատուկ է կյանքից կտրված լինելը, հասարակության զարկերակը չզգալը, այդ թվում` իրենց` իշխանությունների նկատմամբ, բացասական վերաբերմունքի մասշտաբները չպատկերացնելը: Երեկ էլ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը այն միտքն արտահայտեց, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում ոտքի են կանգնել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք իրենց մերժում են, բայց ինչ-որ տեղ տներում կամ գրասենյակներում կան մարդիկ, որոնք իրենց ընդունում են: Դա պատրանք է: Շարքային ՀՀԿ-ականները մերժում են վերնախավը նույն ուժով և ցասումով: Կուսակցական տոմսն իրենց շահի համար օգտագործող չինովնիկները, որոշակի կախվածություն ունենալով, ձայն չեն հանում, բայց հենց որ բուրգը փլուզվի, նրանք այդ կուսակցական տոմսերը հաճույքով դեն կշպրտեն և գուցե կաշխատեն փնտրել նոր կուսակցական տանիք: Ստացվել է պարադոքսալ իրավիճակ: 56 հոգի, որոնք ինչ-որ ձևով խորհրդարանական մեծամասնություն են դարձել, մի բան են ուզում, իսկ 100 հազարավոր մարդիկ Հայաստանում և նույնքան` դրսերում, ուզում են ճիշտ հակառակը: Բայց այդ 56-ը չեն տեսնում, արհամարհում են և չեն ուզում կատարել 100 հազարավորների կամքը: Իսկ թե ինչու չեն ուզում` կարելի է, իհարկե, կռահել, բայց իրենք` այդ պատգամավորները, իրենց «խուլ և կույր» լինելու համար բերում են զանազան տարաշխարհիկ բացատրություններ` Պուտինը, Սահակաշվիլին, պատերազմներ, պատժամիջոցներ, և այլն... Մնում է մի մարդ գտնվի, որն այդ բացատրություններին կհավատա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր