211652_close_icon
views-count7458 դիտում article-date 22:18 10-05-2018

«Բանանց» ակումբը սկանդալի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ: «Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին: Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները: Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը սպորտային արդյունքն է: Չնայած այդ խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել: Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից: «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր