211652_close_icon
views-count15112 դիտում article-date 10:46 14-05-2018

Նիդերլանդները ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների նախընտրական արշավները

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը: Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշման հրապարակումից հետո Նիդերլանդները, Գերմանիան և Ավստրիան հայտարարել էին, որ իրենց տարածքում թույլ չեն տալու այդ թեմայով որևէ հանրահավաքի անցկացում: Մարկ Ռյուտեի ղեկավարած կուսակցությունը սկսել է նախաձեռնություն հնարավոր քարոզարշավը պաշտոնապես Նիդերլանդներում արգելելու նպատակով: Կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Նիդերլանդներում քարոզարշավ անել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի հասարակության շրջանում անհանգստություն են առաջացնում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Թուրքիայում նախընտրական շրջանի լարվածությունն ու հնարավոր բախումներն այդպիսով տեղափոխվում են Նիդերլանդներ, ուստի անհրաժեշտ է իրավական առումով կարգավորել հարցը: Ակնկալվում է, որ մյուս կուսակցությունները աջակցելու են VVD-ի առաջարկին՝ արգելելու երկրում թուրք գործիչների նախընտրական քարոզարշավը: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նմանատիպ նյութեր