146473 դիտում
19:54 26-05-2018
Արտակարգ իրավիճակ Երևանում. «Բանգլադեշում» բակի հենապատի փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, իսկ բակն էլ դարձել է «վենետիկ». պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-18:30-ի սահմաններում Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 152 շենքի 1-ին մուտքի դիմաց հենապատը փլուզվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով վնասվել է կայանված վիճակում գտնվող «Nissan Tida» 35 ՕX 595 համարանիշի ավտոմեքենան, և մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Հիմնովին վնասվել է նաև քաղաքացիներից մեկի ավտոտնակը: Փլուզման պատճառը անձրևն է եղել, ինչի հետևանքով ողջ բակը հեղեղվել է անձրևաջրերով, և այդ ջուրն էլ իր հերթին լցվել և մինի «վենետիկի» է վերածել շենքի նկուղները: Այնտեղ ջուրը մոտ 1 մետր բարձրություն ունի: Այս պահին միակ սփոփանքն այն է, որ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչները: Քաղաքացիներն, փրկարարները և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ «Opel»-ը դուրս են բերել, սակայն «Nissan»-ը դուրս բերելու անհրաժեշտ է հատուկ խումբ և հատուկ տեխնիկա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները, սակայն բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածը միշտ էլ եղել է վտանգավոր, ու իրենք ավելի քան երեք տարի դիմել են պատկան մարմիններին, սակայն ստացվել է «էշ մի սատկի, գարուն կգա», ու եթե քաղաքապետարանն ու թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեին, այն է՝ կատարեին հենապատի երկաթբետոնե ամրացման աշխատանքներ, ապա այսօր կոտրած տաշտակի առաջ չէին հայտնվի:
Այս պահին նշված հատվածը հոսանքազրկված է, քանի որ փլուզված հատվածով անցնում են թաղամասը սնուցող էլեկտրալարերը:
Դիտահորերը մեծ դժվարությամբ նաև բնակիչներն են բացել, ինչից հետո ջուրն ամբողջովին ցամաքել է, իսկ նկուղներում դեռ «վենետիկ» է:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանը:
Վերջին ժամանակներս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կուրծք ծեծելով հայտարարում էին, որ նման դեպքերում իրենք բնակչին միայնակ չեն թողնի ու այս դեպքում քաղաքապետարանն ու թաղապետարանը եթե ցանկություն ունենան, գոնե կփոխհատուցեն վնասված ավտոմեքենաների և իրենից վտանգ ներկայացնող ավտոտնակի տիրոջ կրած վնասները:
Իսկ վերջերս էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանատուները հայտարարում էին, որ իրենց ավտոպարկում կան բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնք ուզում են չնչին գներով աճուրդի հանել: Այս դեպքում քաղաքապետարանը կարող է բարի կամք դրսևորել, և իր ավտոպարկի բալանսում գտնվող ավտոմեքենաներից՝ որպես փոխհատուցում, հատկացնի տուժած քաղաքացիներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+