211652_close_icon
views-count10906 դիտում article-date 10:55 29-05-2018

«Լեգալիստական» վարքագիծը հարթ չէ, հանդիպում են զուտ հեղափոխական շեղումներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հեղափոխությունները լինում են տարբեր տեսակի: Չգիտեմ՝ գիտականորեն դա ինչպես է կոչվում, բայց ակնհայտ է վերաբերմունքի տարբերությունը տվյալ երկրի պատմության, անցյալի նկատմամբ: Օրինակ՝ Ռոբեսպիերին կամ Լենինին չէր հետաքրքրում, թե ինչպիսի օրենքներ էին գործում, համապատասխանաբար, Բուրբոնների կամ ցարական ռեժիմի ժամանակ: Նրանք որևէ հարգանք չունեին «նախորդ ռեժիմի» ժամանակ ստեղծված պետական ինստիտուտների, օրինակ՝ Դումայի կամ Հիմնադիր ժողովի նկատմամբ, և առանց մտածելու ցրում էին այդ ինստիտուտները՝ հեղափոխական «օրենքներով» առաջնորդվելով: Նրանք նաև իրենց նեղություն չէին տալիս ինչ-որ «իրավական» հիմնավորումներ գտնելու՝ թագավորներին և նրանց ընտանիքներին սպանելու համար: 20-րդ դարի վերջում և հատկապես 21-րդ դարում դա պարզապես անհնարին է՝ հեղափոխականները կարիք ունեն թե՛ ներքին և թե՛ արտաքին լեգիտիմության: Մյանմայում, Ֆիլիպիններում, Եգիպտոսում, Թունիսում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում իշխանության եկած ուժերը որևէ ցանկություն չունեին և չունեն «խաչ քաշելու» գործող օրենքների վրա: Տրամաբանությունը հետևյալն է. գործող Սահմանադրությունը, գործող օրենքները թեև վատն են, հակաժողովրդական են և այլն, բայց գործընթացները պետք է տեղի ունենան հենց այդ Սահմանադրության և այդ օրենքների շրջանակներում, հակառակ դեպքում կարող է ստեղծվել անկառավարելի վիճակ: Դա, իմ կարծիքով, ճիշտ տրամաբանություն է, չնայած որոշ ռադիկալ խմբեր դրդում են «ռոբեսպիերյան-լենինյան» լուծումների՝ «ռևկոմների», «տրիբունալների», «տրոյկաների»: Բայց «անցումային արդարադատությունը» անխուսափելիորեն կբերեր գիլյոտինների շարանների, որոնց զոհը կդառնային, ի վերջո, նաև իրենք՝ հեղափոխականները: Ներկա իշխանության այս՝ սկզբունքորեն ճիշտ, «լեգալիստական» վարքագիծը հարթ չէ, ժամանակ առ ժամանակ հանդիպում են զուտ հեղափոխական շեղումներ` վերցնենք թեկուզ ՀՀԿ-ականներին Սարդարապատ չհրավիրելու դեմարշը կամ նախարարների չափից դուրս արմատական հայտարարությունները (մինչդեռ ճիշտը սկզբից անելն է, հետո խոսելը): Բայց դրանք, կարծում եմ, ժամանակավոր դրսևորումներ են, որոնք մի քանի ամսից կհաղթահարվեն: Ավելի հետաքրքիր է մեկ այլ հարց՝ ինչպես է հնարավոր ներկա Սահմանադրության շրջանակներում լուծարել ԱԺ-ն և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց քաղաքական անհրաժեշտությունը, անշուշտ, կա: Բայց միակ օրինական ճանապարհը կառավարության ծրագիրը չընդունելն է, ինչին ՀՀԿ-ական մեծամասնությունը, որքան հասկանում եմ, հակված չէ: Իսկ եթե կառավարությունը, ենթադրենք, ճանապարհներ փակի՝ ստիպելով, որ իր ծրագիրը չընդունեն, դա փոքր-ինչ տարօրինակ կլինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր