211652_close_icon
views-count31500 դիտում article-date 21:22 27-10-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Խնոցի» ռեստորանի հարևանությամբ բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը հայտնվել է կամրջի բետոնե հենապատի վրա. 2 վիրավորներից մեկը հղի կին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ կամրջի վրա, բախվել են «Hyundai Elantra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4 փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Քեֆոյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ բախման հետևանքով «Hyundai»-ն հայտնվել էր կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածի վրա, իսկ «BMW»-ն մասամբ փակել էր երթևեկելի գոտին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր