23016 դիտում
23:04 30-05-2018
«Տաշիր»-ն ինքն է հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից. ընկերության պարզաբանումը
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընկերությունն ինքն է հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից:
«Տաշիր Կապիտալի» տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:
«2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջեւ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:
Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել եւ համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:
Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ եւ եզրակացությունները թողնում հասարակությանը:
«Տաշիր Կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:
«ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին:
«Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորոշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչեւ 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար: Արդյունքում՝ ա) կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, բ) էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:
Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլեւս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի եւ առանց պետական պարտքի վրա ազդեցության:
«Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետեւյալն է.
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:
Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:
Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն:
Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:
Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:
Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար պրն. Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության եւ «Տաշիր Կապիտալ»-ի միջեւ կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության եւ «Տաշիր Կապիտալ»-ի միջեւ որեւէ կետ չի քննարկվել, որեւէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել եւս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:
Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում»:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
23:42 30-08-2024
Անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան․ ՀԷՑ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված