211652_close_icon
views-count6378 դիտում article-date 12:25 31-05-2018

Բեռլինի ֆիլհարմոնիայի հանդիսատեսն անդադար ծափերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին

Մայիսի 28-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր առաջին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և չդադարող ծափերի ուղեկցությամբ։ Համերգի ավարտին ունկնդիրները չէին թողնում դիրիժորին հեռանալ բեմից՝ ծափերի ներքո նրան բազմիցս հրավիրելով բեմ։ Շատ նվագախմբերի և երաժիշտների համար երազանք է ելույթ ունենալ Բեռլինի ֆիլհարմոնիայում, որը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով։ Դահլիճն առանձնանում է նաև յուրահատուկ կառուցվածքով. բեմը գտնվում է համերգասրահի կենտրոնում, և նվագախումբը բոլոր կողմերից շրջապատված է հանդիսականներով։ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկի բեմելը Բեռլինի ֆիլհարմոնիայում կայացել է եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում։ Համերգի ընթացքում նվագախումբը կատարեց Ալբերտ Գարզիայի նոր ստեղծագործությունը՝ Kewn-ը, Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Եվրոպական համերգային շրջագայության վերջին կանգառն Ավստրիան է։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ելույթ կունենա Եվրոպայի ևս մեկ հեղինակավոր բեմում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում, որն իր դռներն է բացել դեռևս 1870 թվականին։ Այս համերգասրահում է ելույթ ունենում աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգն ուղիղ եթերում կհեռարձակի Medici.tv-ն։ Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայություններն իրականություն են դարձել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ։

Նմանատիպ նյութեր