Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ դեպի Կուրիլներ կապի ստորջրյա գիծ անցկացնելու առթիվ
Ճապոնիայի արտգործնախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ դեպի Կուրիլներ օպտիկա-մալուխային գիծ անցկացնելու աշխատանքներ սկսելու առթիվ:
Ռուսական կողմը մտադիր է Օխոտյան ծովի հատակով Սախալինից մինչև Կուրիլյան կղզիներ կաբել անցկացնել:
Հունիսի 5-ին Ռուսաստանը Ճապոնիայի Ծովում անվտանգության վարչությանը տեղեկացրել է, որ հունիսի 5-ից մինչև հոկտեմբերի կեսերը Օխոտյան ծովի հարավային հատվածում աշխատանքներ են տարվելու՝ օպտիկա-մալուխային գծով Սախալինը Կուրիլների հարավային մասին միացնելու ուղղությամբ:
Ի պատասխան Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ռուսական կողմին՝ նշելով, որ «նման ենթակառուցվածքային խոշոր նախագծի իրագործումը անհամատեղելի է Ճապոնիայի դիրքորոշման հետ՝ հյուսիսային տարածքների հարցով»:
Հարավային Կուրիլների չորս կղզիները (Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիախումբ) ԽՍՀՄ-ին էին անցել 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով:
Ճապոնիան տարածքային այդ փոփոխությունները չի ճանաչում և առ այսօր Կուրիլյանը կղզիները համարում է «ժամանակավորապես օկուպացված հյուսիսային տարածքներ»: Մոսկվան և Տոկիոն երկար տարիներ աշխատում են խաղաղ պայմանագրի շուրջ, որը կկարգավորեր այդ տարածքների կարգավիճակը: