8324 դիտում
09:02 13-06-2018
Արտահերթ ընտրությունները մոտ են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական տրամադրություններն ու տրամաբանությունը եկել են ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է եկել, և համաձայնության կառավարությունում տեղի են ունենում առաջին աղմկոտ անհամաձայնությունները, ընդ որում, թե´ հենց կառավարության, թե´ խորհրդարանի իմաստով:
Եվ երեկ, ըստ էության, խորհրդարանի հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գրոհել էին կառավարությանը՝ «Բարեգործության մասին» օրենքի առիթով, որը դիտարկում են «թիվ մեկ բարեգործ» Գագիկ Ծառուկյանի դեմ քայլ: Իհարկե, օրենքը մշակել է նախորդ կառավարությունը, սակայն այն ԱԺ է ներկայացրել ներկայիս կառավարությունը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ պարզապես, այսպես ասած, արագության բերումով, երբ որևէ մեկը նոր կառավարությունում չի էլ նկատել խնդրի քաղաքական ենթատեքստը: Սակայն եթե կար նման հավանական թյուրիմացություն, ապա «Ծառուկյան» դաշինքը կարող էր նախ փորձել, այսպես ասած, համաձայնության խողովակներով հասկանալ, թե ինչ է կատարվել, և եթե կառավարությունը օրենքի նախագիծը հետ չկանչեր, նոր միայն ձեռնամուխ լիներ գործնականում վերջնագրային տոնով հայտարարություններին:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հայտարարել են, որ կառավարության բերած օրինագիծը ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ է, այլ բարեգործության կարիք ունեցող քաղաքացիների, և նրանց ցույց են տալու կառավարության դուռը: Սա վերջնագիր է կամ շանտաժ, և եթե անգամ կառավարությունն իր գլխակորույս խնդիրների թոհուբոհում չի նկատել, թե ինչ է տարել խորհրդարան, ապա «Ծառուկյան» դաշինքի ելույթներից հետո արդեն ստեղծվել է վիճակ, երբ նահանջը, ըստ էության, կնշանակի լոկալ պարտություն դաշինքին, ինչը թավշյա հեղափոխության թիմի համար կլինի առաջին պարտությունը:
Իսկ մինչ «Ծառուկյան» դաշինքի հետ խնդիրը, կառավարությունում, ըստ էության, զուգահեռ խնդիրներ առաջացան ՀՅԴ-ի և ինչ-որ իմաստով նաև «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրմանը դեմ լինելով՝ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվեց հետաձգել, և հայտարարեց, որ ուղղակի պարտադրված է ներդնել այդ համակարգը՝ կանգնած լինելով նախորդ կառավարության արդեն սկսած լինելու փաստի առաջ:
Սակայն Մանե Թանդիլյանի հրաժարականին նախորդել էր նաև հայտարարությունը, որ «Ելք» դաշինքում քննարկվում է ընտրություններին միասնական, թե առանձին մասնակցելու հարցը: Մանե Թանդիլյանի հրաժարականը կարող էր վկայել, որ ՔՊ թիմը մերժում է միասնական մասնակցությունը: Իհարկե, Թանդիլյանը դուրս է եկել նաև «Լուսավոր Հայաստան»-ից, բայց այն, որ տրամադրությունները այդպիսին են, երևի թե հուշում է նաև ԼՀ կուսակցությունից պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությունը, թե առանձին գնալու դեպքում «Ելք»-ի որևէ ուժ չի հաղթի: Այս հայտարարության քաղաքական համարժեքությունը, մեղմ ասած, խնդրահարույց է, սակայն տվյալ պարագայում հատկանշական է, որ անգամ «Ելք» դաշինքի կուսակցությունն է, կամա թե ակամա, վերջնագրային տոնով խոսում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ՝ նկատելով կամ չնկատելով այդ տոնը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
19:45 25-04-2014
Արթուր Բաղդասարյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»