211652_close_icon
views-count2864 դիտում article-date 15:51 13-04-2018

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպել է ՀՀ դատարանների նախագահներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ողջունելով դատարանների նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված և պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո: Միաժամանակ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ: Իր խոսքում Գագիկ Հարությունյանը կարևորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հատկապես կարևորել է դատարանների անկախությունը և նշել. «Ելնելով Սահմանադրության և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որևէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ որևէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է և ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որևէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ: Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է և իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը և առաքելությունը: Մենք երբեք չենք փորձի գնացքի հետևից վազողի դերակատարություն ստանձնել, և դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա համապատասխան արձագանքի և մասնագիտական կարծիքի»: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ Խորհուրդն աշխատանքային խումբ է ձևավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի: «Եթե տեսնենք՝ որևէ ակտում առկա է որևէ նորմ, որը հակասում է դատական իշխանության գործառույթներին կամ նրա արդյունավետ կազմակերպման որևէ ասպեկտի, ապա, կա՛մ առաջարկություն է արվելու կատարել փոփոխություն, կա՛մ վիճարկվելու է դրա սահմանադրականությունը: Այդ հնարավորությունները մենք ունենք փոփոխված Սահմանադրությամբ և կփորձենք մեր լիազորությունները լիարժեք օգտագործել».- ասել է Խորհրդի նախագահը: Գագիկ Հարությունյանը խիստ կարևորել է դատավորի նկատմամբ հանրային հարգանքի ձևավորումը և նախանշել արդյունավետ քայլերի հաջորդականությունը, որպեսզի հասարակությունը սկսի աստիճանաբար ընկալել դատավորին՝ որպես իր իրավունքների և ազատությունների երաշխավորի, այլ ոչ թե որպես հերթական անգամ պատվերով կամ այլ ձևով իրավունքները ոտնահարող սուբյեկտի: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը, որտեղ հավուր պատշաճի ներկայացված են լինելու Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության դատարանները՝ յուրաքանչյուրն իր գործունեության ողջ ծավալով: Էլեկտրոնային կայքում առկա է լինելու մշտադիտարկման համակարգ, և որ դատավորների նշանակման գործում հանրային կարծիքը դառնալու է ներազդուն գործոն: «Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի և ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում» - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Շարունակելով ներկայացնել ներդրվող մշտադիտարկման համակարգի գործառութային նշանակությունը՝ Գագիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու արդարադատություն իրականացնելու ֆունկցիոնալ պրոցեսում միջամտել դատավորի գործունեությանը: «Դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է: Նա պետք է լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը: Բայց դատավորի այդ անկախությունը, նաև, ենթադում է իր հաշվետվողականությունն օրենքի առջև: Անկախ, բայց ոչ թե անկախ օրենքից: Օրենքի պահանջները, որոնք առնչվում են նրա վարքագծին, նրա գործունեությանը և բոլոր այն հարցերին, որոնք մեր՝ նաև սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում են, գտնվելու են անընդհատ օբյեկտիվի մեջ, և նման մշտադիտարկումը ենթադրելու է, որ ամեն օր, մենք իրազեկ ենք լինելու, թե որ դատարանում ինչ գործի առնչությամբ ինչ է տեղի ունենում և պրոցեսն ինչպես է իրականացվում: Դիմումի մուտքը, ընթացքը, վերադարձը քննության ընդունումը, գործընթացը, հնարավոր սանկցիաների կիրառումը, ելքը դատարանից, բողոքարկումը, բողոքարկման ընթացքը, մյուս ատյանում քննությունը՝ մինչև հարկադիր կատարում»: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել և որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երևույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝ շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով: Գագիկ Հարությունյանը համակողմանի ներկայացրել է Խորհրդի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև խնդիրների լուծման մեթոդներն ու գործիքակազմը՝ մասնավորապես նշելով. -«Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, և այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»: Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է միջազգային արդարադատական ծրագրի վերջին երկու տարիների ուսումնասիրությունները՝ կապված դատարանների անկախության, քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտներում արդարադատության առկա վիճակի մասին, մատնանշել մեր առկա հնարավորություններն ու ներուժը, սակայն միաժամանակ պասիվ ներգրավվածությունը՝ գիտագործնական և վերլուծական գործընթացներին: Խորհրդի նախագահը չափազանց կարևորել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պատշաճ և գործուն ներկայացվածությունը միջազգային իրավական ինստիտուտների հետ հարաբերություններում, ակտիվ համագործակցության և համընթաց քայլելու ունակությունը: Հաջորդ կարևոր խնդիրը, որին անդրադարձել է Գագիկ Հարությունյանը, կառուցակարգային և նյութատեխնիկական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է դատարանների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: Գագիկ Հարությունյանը բացարձակապես անթույլատրելի է բնորոշել վիճակը, որն առկա է. «Այսօր 40-ից ավել դատարանների շենքեր գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռին և այդ դատարաններում տեղակայված են տարբեր ինստիտուտներ, չկան աշխատանքի համար նվազագույն պայմաններ, որպեսզի այդ շենքերում դատարաններն իրենց լիազորությունը պատշաճ իրականացնեն»: Գագիկ Հարությունյանը, ծանոթանալով նաև դատարանների նախագահներին հուզող հարցերին, բարձրացված կարևոր խնդիրներին՝ դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի քննության ողջամիտ ժամկետների սահմանման վերաբերյալ չափորոշիչներին, նշել է, որ այդ խնդիրներն ընդգրկված են ճգնաժամային խնդիրների ցանկում և ուսումնասիրվում են բոլոր հիմնախնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ տալու համար: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով և շնորհավորելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին՝ լիազորությունների ստանձնման կապակցությամբ, իր խոսքում անդրադարձել է վերջին երեք տարիներին դատական գործերի կտրուկ աճին: Գագիկ Հարությունյանը ևս նշել է, որ բարձրացված խնդիրն իր լուծումն է ստանալու առաջնահերթության կարգով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական իշխանությանը վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներ: Իր ամփոփիչ խոսքում Գագիկ Հարությունյանը նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր