211652_close_icon
views-count2421 դիտում article-date 17:10 03-07-2018

Նախագահն ընդունել է Կոլումբիայի համալսարանի եւ Լոնդոնի բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած փոփոխություններին, «Նոր Հայաստանի» տեսլականին։ Նախագահ Սարգսյանն այնուհետեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, տնտեսության առաջատար ճյուղերին, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաեւ՝ հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին։ Նախագահ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդարդունաբերության եւ տուրիզմի ոլորտները: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ինչպես Եվրամիության հետ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի միջոցով ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում շահում են այն ազգերն ու պետությունները, որոնք կենսունակ են, ճկուն եւ կարողանում են արագ ու դինամիկ փոփոխվել եւ հարմարվել նոր իրողություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր