3033 դիտում
09:40 23-11-2019
2020 թվականին կմեկնարկի նոր մագիստրոսական ծրագիր՝ ՀՊՏՀ-ի և IT ոլորտի համագործակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանը 2020 թվականին կսկսի մագիստրոսական նոր ծրագիր՝ “Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում”։
Նոյեմբերի 22-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանը, “Հայաստանի օպերատորների միություն” ՀԿ-ն ու “Արփինետ” ընկերությունը։ Այս եռակողմ համագործակցությունն ուղղված է կրթության որակի եւ գիտության զարգացմանը։
Բուհական կրթության և ՏՏ բիզնեսի մեջ ստեղծել սերտ կապ. սա է այն հիմնական գաղափարը, որը դրված է այս նոր մագիստրոսական ծրագրի հիմքում: Նպատակը մեկն է՝ ուսանողներին տալ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան պրակտիկ գիտելիք ու գործնական հմտություններ:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին նոր գործակցության համար. “Տեսական գիտելիքներից անմիջապես հետո ուսանողները գործնական հմտություններով կամրապնդեն սովորածը։ Մեզ համար կարեւոր է, որ անմիջական շփում կա բուհի եւ գործատուի միջեւ։ Այս նախաձեռնության հեղինակները մասնակցելու են ուսումնական պլանների մշակմանը, այսինքն՝ կկարողանանք բացահայտել շուկայի պահանջարկը։ Մենք դուրս կգանք հնացած մոտեցումից, ուսանողին միանգամից կտանք այնպիսի գիտելիք, որը կիրառելի լինի իր հետագա աշխատանքում”։
“Հայաստանի օպերատորների միություն” ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը նշում է՝ պահպանելով ավանդական կրթական ձևը, դասավանդելու են նորագույն մեթոդներով. “Բացի տեսական գիտելիքից, հնարավորություն կտանք պրակտիկա անցնել առաջատար IT ընկերություններում: Իրենց փորձով կկիսվեն ոչ միայն Հայաստանից լավագույն մասնագետներ, այլև հրավիրյալ մասնագետներ արտերկրից, ովքեր աշխատում են IT լավագույն ընկերություններում: Ես լիահույս եմ, որ մեր ծրագիրը դառնալու է մի յուրօրինակ մոդել, նոր շունչ է տալու կրթության որակին, երիտասարդներին ներշնչելու է ինքնավստահության և մրցունակ լինելու հավակնոտություն, իսկ գործատուն վստահորեն աշխատանքի է ընդունելու առանց փորձառության, բայց խոստումնալից երիտասարդ դեմքերին”:
“Արփինետ” ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը կարևորում է այս ծրագրի հաջող իրականացումը: Նա վստահ է՝ այն պետք է համապատասխանի արդի պահանջներին, ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիք և տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաներին. “Որպես գործատու հաճախ անհնար է լինում գտնել երիտասարդ պատրաստված կադրերի։ Նորավարտ մասնագետին աշխատանքի ընդունելուց հետո պահանջվում է առնվազն վեց ամիս արդյունք ստանալու համար: Որպեսզի ավարտող ուսանողը լինի ավելի պատրաստ աշխատաշուկայում իր ուրույն տեղը գտնելու, մենք ամբողջովին կաջակցենք ուսանողներին։ Արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ ICANN, ISOC ընկերությունների հետ: Միջազգային պրոֆեսիոնալներն իրենց փորձով կկիսվեն մեր ուսանողների հետ”։
ՀՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի եւ տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը մեծ պատրաստակամությամբ սկսել է նոր ծրագրի մշակման փուլը. “Կարծում եմ՝ մագիստրոսական այս ծրագիրն ամենաարդիական ու պահանջված մասնագիտություններից մեկն է լինելու ՀՊՏՀ-ում։ Ուսանողներին լավ հնարավորություն է տրվելու նորագույն տեխնոլոգիաների կառավարման, ստարտափների, կիբեռանվտանգության ոլորտներում համապատասխան հմտություններ ունենալ։ Ծրագիրը նախատեսված է մեկուկես տարի, 3-րդ կիսամյակում կգրեն մագիստրոսական թեզեր, որոնց թեմաները եւս կհամաձայնեցնենք հրավիրյալ դասախոսների եւ գործատուների հետ”։
Մագիստրոսական դասընթացը կմեկնարկի 2020-ի սեպտեմերին։ Ուսանողները կմասնակցեն տեղական և միջազգային համաժողովների, թրեյնինգների, կլինեն հանդիպումներ և կարճ դասընթացներ տեխնոլոգիական ու ինտերնետ կառավարման ոլորտի ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2397 դիտում
17:55 20-12-2018
Հայ-Ռուսական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս»-ը ներդնում են նոր մագիստրոսական ծրագիր
1335 դիտում
23:16 07-12-2021
Նոր հուշագիր հունական կողմի հետ. ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին