13387 դիտում
22:12 13-07-2018
Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում. ԱՆ-ն զգուշացնում է
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը:
Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը (enterovirus infection)։ Դրանք տարածված են տարբեր երկրներում և վտանգավոր են հատկապես երեխաների համար:
Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետեւանքով:
Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը: Կարող են դիտվել նաև մրսածության ախտանշաններ:
Վիրուսները, մասնավորապես, Կոկսակի Բ ենթատիպը, կարող են ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով անգամ մահվան: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ: Ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում գրանցվում է անբարեհաջող ելք:
Ուստի առողջապահության նախարարությունը հորդորում է տենդի, հազի, որովայնի շրջանի, կոկորդի ցավի, մաշկի ցանավորման, գլխացավի, ջրիկ կղանքի առկայության դեպքում ՉԶԲԱՂՎԵ՛Լ ինքնաբուժմամբ և անմիջապես դիմել բժշկական օգնության:
Ներքոհիշյալ կանոնների պահպանումը կօգնի նվազեցնել էնտերովիրուսներով հիվանդանալու ռիսկերը
Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է`
օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
խուսափել վարակիչ, մասնավորապես, աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,
լողալիս հնարավորության սահմաններում բացառել ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից
Վարակման ռիսկը մեծանում է`
կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս,
հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս,
փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս,
սննդամթերքի պահպանման սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում,
ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս,
մրգերը, բանջարեղենը և կանաչին հում ջրով լվանալիս,
երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս,
լողավազաններում լողանալու դեպքում, որտեղ ջուրը չի ենթարկվում պարբերական ախտահանման և որակի հսկողության, լողափի չմշակված հատվածներում լողանալիս
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
11:32 14-02-2014
Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում
8318 դիտում
16:40 23-08-2018
Հայաստանում կապույտ հազի աշխուժացում կա. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
21364 դիտում
15:52 15-03-2016
Այս պահին հանրապետությունում դիտվում է արկտիկական օդի բուռն ներհոսք. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»