211652_close_icon
views-count2682 դիտում article-date 14:51 16-07-2018

«Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. խմբակցությունը քննարկում է դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը

«Ելք» խմբակցությունը գնում է քաղաքային իշխանությունը վերցնելու և պատրաստվում է արտահերթ ընտրությունների: «[url=https://armenpress.am/arm/news/940950.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խմբակցության անդամներն ինչպես նախապես հայտարարել էին, չառաջադրեցին քաղաքապետի թեկնածու, չմասնակցեցին Երևանի ավագանու արտահերթ նիստին, սակայն նրանք քաղաքապետարանում էին և հետևում էին իրադարձություններին: «Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- նշեց Խաժակյանը։ Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հուլիսի 16-ին չկայացավ ավագանու արտահերթ նիստը, և թեկնածուն չընտրվեց, քաղաքի փաստացի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել: «Կառավարությունը ավագանու արձակումից հետո երկու շաբաթվա ընթացքում ունենալու է հնարավորություն՝ նշանակելու արտահերթ ընտրության օր: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։ Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, ապա արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի առաջին կեսին»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածուի շրջանառվում էր մամուլում, ասաց, որ ինքն այս պահին բացառել է իր առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, և մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան։ Թեհմինե Վարդանյանն ընդգծեց, որ այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։ «Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել ավագանու 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց նա։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/940950.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր