25899 դիտում
16:30 23-07-2018
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Վեգաս» հանգստյան գոտում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. վիրավորների մեջ է «Վահե-Կամո» ՍՊԸ-ի տնօրենը
Երեկ՝ հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ակնակապիճի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Համլետ Հովհաննիսյանն է, ով բժիշկներին ու ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տանը, բակում սայթաքելու հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Հովհաննիսյանը փորձում է մոլորության մեջ գցել իրենց։ Իրականում նույն օրը Սևանա լճի ափին գտնվող «Վեգաս» կոչվող հանգստյան գոտում ժամը 17։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նրա, Արարատ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարեն Թովմասյանի միջև, որի ժամանակ էլ Կ. Թովմասյանը բռունցքով հարվածել է Հ. Հովհաննիսյանին և վիճաբանությանը ներկա գտնվող 20-ամյա Արթուր Խաչատրյանին։ Վերջինն էլ վնասվածք է ստացել քթի հատվածում։
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Սևանի ոստիկանները հայտնաբերել են նաև Կ. Թովմասյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Վահե-Կամո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենան սխալ կայանելու համար առաջացած խոսակցությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: