211652_close_icon
views-count9125 դիտում article-date 22:14 25-07-2018

Հայաստանի վարչապետի տիկինը Մոսկվայում ազդարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ, հանդիպում ունեցել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ բացելու հետ կապված։ Այնուհետև պատկերասրահում կայացել է Աննա Հակոբյանի հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29390471.html]«Ազատությունը»[/url]։ ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ և մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։ Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետևել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին, ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։ «Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել։

Նմանատիպ նյութեր