211652_close_icon
views-count3766 դիտում article-date 16:20 02-08-2018

Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն. գյուղնախարար

Կառավարությունն այս պահի դրությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու առնչությամբ: Օգոստոսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Սևանից մեկ կաթիլ ավել բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նման նախաձեռնություն չի եղել, որ ավել ջուր բաց թողնվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Խաչատրյանը: Նա անձամբ կցանկանար, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու փոխարեն խորքային հորերի հարցը լուծվեր: Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Սևանից ավել ջուր է բաց թողնվել, գումարը գնացել է արտաբյուջետային հաշիվ, եթե այդ գումարը օգտագործվի խորքային հորերից ջուր հանելու համար, ավելի նպատակահարմար կլինի թե Սևանա լճի, թե գյուղատնտեսության տեսանկյունից: «Իմ կարծիքով համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի: Պնդումները, որ 70 տոկոսով ջուրը կորում է, չի չափվում, որպես գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուի՝ ընդունելի չէ: Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, ասում են դուք ունեք 3 հեկտար հող, որի վրա աճեցնում եք պոմիդոր, մենք տալիս ենք դրա համար նորմատիվով սահմանված քանակի ջուր: Բայց եթե ջրաչափ չկա դրված, ինչպես վստահ լինել, որ հենց այդքան էլ տրվել է: Որ գյուղացու նկատմամբ լինենք ազնիվ, պետք է ամեն տրված կաթիլ ջուրը ֆիքսվի, ասենք դու սպառել ես այսքան ջուր, այսքան պետք է վճարես»,-ընդգծեց նախարարը։ Նա նկատեց նաև, որ կան հողատարածքներ, գյուղացիներ, ովքեր մի քանի անգամ են ջրբացթողումից օգտվում, մի մասն էլ ընդհանարապես ջուր չի ստանում, ինչը, սակայն, չարաշահման հետևանքով չէ, այլ պայմանավորված է նրանով, որ այդ հողատարածքները ծայրամասային հատվածներում են, և ջուրը նրանց չի հասնում, պետք է էլի ու էլի ջուր մղել:

Նմանատիպ նյութեր