211652_close_icon
views-count5467 դիտում article-date 11:17 04-08-2018

Ինչպես է Արմեն Գևորգյանը փորձել ճնշել ՍԴ անդամին. Վիկիլիքսի հայտնի հոդվածը․ ArmLur.am

Երեկ պարզ դարձավ, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ սա ծանր հանցանք է պատիժը՝ մինչև 6 տարի ազատազրկում։ Սասուն Խաչատրյանը «Օրակարգից դուրս»-ի եթերում ասաց՝ Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանին օգտին որոշում: [url=https://armlur.am/828663/]ArmLur.am[/url]-ը ներկայացնում է Վիկիլիքսի այդ հոդվածը: Մասնավորապես, Wikileaks կայքը գաղտնազերծել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցի մասին: Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով: Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաև իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» և ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետևանքներ»: Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին և կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որևէ հույս: [img]http://st0.shamshyan.com/editor/0017308001533366559491447.jpg[/img] Թույլ և մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ: Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ գիտի, «թե ինչ (արժեքներ.- խմբ.) է դավանում Ամերիկան»: Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը: Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել և պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, որը հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի (Արմեն Գևորգյանի.-խմբ.) անունից: Սկզբում ցնցվելով զանգից, նա այնուհետև ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը: Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է: Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել են նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող: Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին: Նա նաև նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, որը նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ: Պողոսյանը, որը վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել և արդյունքում չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է ներկայացրել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում չէր մասնակցի նիստերին: Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը, սակայն, «անուշադրության է մատնվել» նրանց կողմից: Նա նաև հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը): Պողոսյանը նշեց, որ հարցի հետ կապված իր դիրքորոշումը և բացակայությունը նիստերից կարող են անձնական հետևանքներ ունենալ իր համար հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել: Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»: Նա նաև նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը վճիռ կկայացնեին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո: Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են: Նա նաև նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն Լևոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր: Սակայն «նրանք կարող են անել ինչ ուզում են», ավելացրեց Պողոսյանը: Պողոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ իշխանությունները մտադրված են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան և ռեպրեսիան: Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը և դրան հետևած արյունահեղությանը հովանավորումը, ցուցարարների և Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը և Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, որը քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին: Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների և ապագա հակառակորդների շրջանում: Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն և մարդկանց տարբերակում է «իր հետ կամ իր դեմ» լինելով: Հիշեցնենք, որ դատարանն այդ ժամանակ քննում էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացված բողոքը, որը պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, և որ պետք է կայանան նոր ընտրություններ: Վիճելի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ և նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար: Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով և գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ:

Նմանատիպ նյութեր