211652_close_icon
views-count3410 դիտում article-date 13:21 04-08-2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Պատգամավորները երաշխավորում են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նրանց թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները, մեծ մասը «Հանրապետական» խմբակցությունից են, բայց կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես` Դաշնակցությունից»,- ասաց Սողոմոնյանը: Սողոմոնյանը խոստացավ հրապարակել ստորագրած պատգամավորների անունները, եթե ստանա վերջիններիս համաձայնությունը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Նմանատիպ նյութեր