211652_close_icon
views-count7976 դիտում article-date 23:31 06-08-2018

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին: Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին: Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին ու հարազատներին»: [img]http://st0.shamshyan.com/editor/0861295001533582226938858.jpg[/img] Ֆրանսիական մամուլն այսօր տեղեկացրեց, որ օգոստոսի 4-ին մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Չաքարյանը մահացել է 101 տարեկան հասակում, Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամներին 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում: Չաքարյանը մինչև իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր