28755 դիտում
21:28 15-08-2018
Կոչ ենք անում իրավապահ մարմնիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ
Oգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ:
Հաղորդագրությունն իր մեջ ներառել է, ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ:
Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Վարդանյանի ու Իսկանդարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Ոստիկանության հաղորդագրությանը անդրադարձ արվող փաստաբանի հայտարարության մեջ ասված է.
«Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, թե մի քաղաքացի հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի 17-ին Ա. Վարդանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն առևանգել են, տեղափոխել Արցախի փողոցի վրա գտնվող շինություն ու բռնության ենթարկել: Նշված է նաև, թե «...իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ա.Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է Գ. Իսկանդարյանը», ապա հաղորդագրությամբ կոչ է արվել Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի «հանցավոր գործունեությունից տուժած» ինչ-որ քաղաքացիների այդ մասին հայտնել իրավապահներին:
Սա անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ ոտնահարման դասական օրինակ է: Նախ դեռևս վերնագրում, հետագայում նաև տեքստում, նշվում է, որ Ա.Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: Փաստորեն նշված հայտարարությամբ որպես փաստ է նշվել, իբրև Ա. Վարդանյանը և Գ. Իսկանդարյանը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, ավելին հայտարության տեքստում նշվել է, թե . «պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գ. Իսկանդարյանը»:
Նշված արտահայտությամբ ևս փորձ է կատարվել որպես փաստ ներկայացնել, թե իբր Ա.Վարդանյանն ու Գ.Իսկանդարյանը կատարել են հանցագործություն:
Այս արտահայտությունները անմեղության կանխավարկածի խախտում պարունակելուց զատ չեն համապատասխանում նաև իրականությանը: Քրեական գործի շրջանակներում տիրապետելով վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, կարող ենք փաստել, որ դրանցով ոչ միայն չի պարզվել, թե կատարվել է հանցագործություն, ոչ միայն չի պարզվել, թե հանցագործությանը առնչություն կարող են ունենալ Ա. Վարդանյանը կամ Գ. Իսկանդարյանը, այլ միանշանակ հերքվել է, թե հնարավոր է տեղի ունեցած լինի առևանգում, կամ այդ հաղորդում տված քաղաքացու նկատմամբ կիրառված լինի բռնություն:
Սրա վառ ապացույցն է նաև այն, որ գիտակցելով առկա մեղադրանքով Ա. Վարդանյանին կամ Գ. Իսկանդարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը, ոստիկանությունը փորձ է կատարում նման հայտարարություն տարածելով գտնել որևէ քաղաքացու, ում միջոցով փորձ կկատարվի Ա.Վարդանյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին կոչ ենք անում չառաջնորդվել Ա.Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեսատականորեն խտացնել գույները և ՀՀ Ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:
Կոչ ենք անում իրավապահ մարմնիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ:
Սույն հայտարարության մեջ նշված գործով տուժող ներգրավված և հաղորդում տված անձի իրական նպատակները պարզելու նպատակով, փորձել ենք ուսումնասիրել այդ անձի անցյալը, իրական նպատակները և կապերը:
Անմեղության կանխավարկածի պահպանման նպատակ ունենալով այս պահին զերծ կմնանք մեր կողմից հավաքագրված, նշված անձի կողմից ենթադրյալ հանցագործությունների դեպքերը հրապարակելուց և իրական նպատակները բացահայտելուց, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիններին առավել սևեռուն ուսումնասիրել որպես տուժող ներկայացող անձի հակառակ սերնդի ներկայացուցիչների հետ խայտաբղետ հարաբերությունները, այդ հարաբերությունների նպատակը, դրանց զուգահեռ նրա կողմից իրականացվող գործողությունները, որոնց մասին որոշակի տվյալներ քրեական գործում հիմա էլ կան: Ավելին, մեր կողմից ձեռք բերված տվյալները կտրամադրվեն համապատասխան մարմիններին, քննություն կատարելու և, դրանք հաստատվելու դեպքում, տուժող ճանաչված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելին, հետևողական ենք լինելու իբր նշված հայտարարության արդյունքում հաղորդում տված յուրաքանչյուր անձի իրական նպատակների, կապերի և անցյալի վերհանման հարցում:
Ավելացնենք, որ հայտարության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Ա. Վարդանյանը գտնվում է անազատության մեջ իրականությանը չի համապատասխանում և ՀՀ ոստիկանությունը չէր կարող չիմանալ այդ մասին, իսկ եթե տեղեկություն չունի, ապա դա միայն խոսում ոչ արհեստավարժ լինելու կամ մանիպուլյացիայի արդյունքոմ որոշ քաղաքացիներից հաղորդումներ հավաքագրելու քողարկված նպատակի մասին»:
[color=#EF2929]Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան և Երվանդ Վարոսյան[/color]
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
12:34 11-12-2015
Ավարտվել է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՔԾ ուղարկված քրգործի նախաքննությունը
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)