211652_close_icon
views-count8667 դիտում article-date 11:18 21-08-2018

Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում կբացվի տուն-թանգարան

Օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին, Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Բացման միջոցառումը կկայանա տեղի համալսարանի «Սեթըլիթ Յունիըն» դահլիճում: Միջոցառումը կմեկնարկի Սարոյանի կյանքին նվիրված ցուցահանդեսով, որին կհաջորդի Վիլյամ Սարոյանի և «Սարոյան Հաուս» նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Սարոյան Հաուս» նախագծի սկիզբն ազդարարվեց 2016 թվականին, երբ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք բերեց Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) 2729 հասցեում գտնվող տունը, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները: Նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:

Նմանատիպ նյութեր