123134 դիտում
12:00 24-08-2018
Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է Նորագավիթի «գաի պոստի» մեջ. մեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Եկատերինա Ալեքսանդրինան, 24-ամյա Ալմա Բակաջանինան, 32-ամյա Աշիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, վիրավորները, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր մարել են բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խուբը՝ ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Փաստի առտթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վարորդի հայտնած տեղեկատվությունը համապատասխանում է է իրականությանը:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+