211652_close_icon
views-count8124 դիտում article-date 22:00 27-08-2018

Մշակույթի նախարարն անդրադարձել է գերատեսչության հնարավոր կոռուպցիոն ռիսկերին և չարաշահումներին

ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես կապի մեջ է կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ իրականացնող գերատեսչությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը: Նրա խոսքով՝ նախարարի պարտականությունները ստանձնելով՝ իր առջև գերակա խնդիր է դրել չարաշահումների բացառումը: «Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով, պատասխանատվության ենթարկելով: Մենք կապի մեջ ենք այդ գերատեսչությունների հետ: Եթե սկսենք զբաղվել միայն կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի լուծել մշակույթի նախարարության առողջացման գործընթացին, տարբեր ոլորտների զարգացմանը, այդ ոլորտում արվեստագետների կարիքների բավարարմանը և այլ հարցերի միտված խնդիրները: Մենք չենք անտեսում այն ամենը, ինչին բախվում ենք տարբեր աշխատանքներ իրականացնելու ընթացքում»,- նշեց նախարարը: Չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ Մակունցը մեկ օրինակ բերեց՝ իր մոտ հայտնվել էր մի գրություն՝ փաստաթուղթ, համաձայն որի՝ մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի փորձագիտական կենտրոնը, Սարյանի կտավների հետ կապված եզրակացություն էր տվել, որ դրանք բնօրինակ են, և որ այնտեղ դրված է Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Նախարարն ընդգծեց, որ եղել է նաև մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ ոչ միայն կտավներն են կեղծ, այլև իր ստորագրությունը: Նախարարը տեղեկացրեց, որ այս գրությունից հետո անմիջապես փաթեթն ուղարկել են դատախազություն, գործին ընթացք է տրված է, և հարցաքննություններ են անցկացվում:

Նմանատիպ նյութեր