2846 դիտում
15:54 04-09-2018
«Ես հպարտ եմ ձեզնով, որ աշխարհի տարբեր երկրներում ամենաբարձր մակարդակով Հայաստանն եք ներկայացնում». Հրաչյա Ռոստոմյանի խոսքը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի խոսքը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ.
«Հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շնորհավորում արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Այսօր շատ խորհրդանշական և կարևոր, նաև ոչ սովորական օր է. այսօր տոնում ենք արտակարգ իրավիճակների աշխատողի օրը:
Առանց արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի, առանց փրկարարների ու սարքավորումների, առանց բազմաթիվ իրավական, կազմակերպչական, տեխնիկական ու տեղեկատվական անհրաժեշտ բաղադրիչների, Սպիտակի երկրաշարժ ապրած ու փաստացի պատերազմի մեջ հայտնված մեր նորանկախ երկրի համար առաջին հրամայականն էր այս արտակարգ համակարգի ստեղծումը:
Ցանկանում եմ նշել, որ փրկարարներ ու նյութական աջակցություն ներմուծող երկրից Հայաստանն այսօր մեր համակարգի շնորհիվ նաև դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր:
Մեր հրշեջ-փրկարարների փորձառության ու պրոֆեսիոնալիզմի, նրանց հոգատարության ու սրտացավության մասին վկայում են ոչ միայն միջազգային ամենապահանջկոտ փորձագետները, մի շարք երկրների երախտագետ ղեկավարները, այլև, որ մեզ համար կարևոր է՝ մեր ժողովուրդը:
Հիրավի, ի դեմս ԱԻՆ համակարգի, բնակչությունը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող և ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Այսօր մեր համակարգը դարձել է մեր պետության բարի, հոգատար, ժպտուն դեմքը, ժողովրդին մեկնած ջլապինդ, հուսալի, օգնական ձեռքը:
Սիրելի՛ գործընկերներ, ձեր շնորհիվ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության և խիզախության ու մարդկայնության շնորհիվ մեր ժողովուրդը այսօր ստացել է այն վստահությունը, որ ամենադժվար պահին մենք իր կողքին ենք լինելու:
Միջազգային բոլոր համաժողովներում, բարձր մակարդակի հանդիպումներում ԱԻ նախարարության ղեկավարությունը մշտապես ընդգծում է, որ մեր հաջողության գրավականը մեր երկրի քաղաքական կամքն է. Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ղեկավարությունը աղետների ռիսկերի նվազեցումը և աղետակայուն երկիր ունենալը գնահատում է որպես առաջնային խնդիր: Մեր համակարգն ու նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր երկրի կառավարության, Վարչապետի ուշադրության կենտրոնում:
Իմ շատ սիրելի գործընկերներ, փրկակար ծառայության, սեյսմիկ ծառայության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, հրդեհային տեսչության ու ռեզերվների, ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ԱԻՆ կառուցվածքային ստորաբաժանումների իմ արտակարգ աշխատակիցներ, ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ձեր բարի ու մարդասիրական առաքելության, ձեր նվիրված աշխատանքի ու պետական մտածողության համար: Նաև ուզում եմ ընդգծել՝ ես հպարտ եմ ձեզնով, որ աշխարհի տարբեր երկրներում ամենաբարձր մակարդակով Հայաստանն եք ներկայացնում, որ մեր ժողովրդի մատից փուշ եք հանում, որ անկախ դիրք ու պաշտոնից բոլոր կողմերից միայն դրական արձագանքներ ենք ստանում՝ հավանության ու երախտագիտության խոսքեր: Այսօր էլ Հայաստան են այցելում բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ԱԻՆ-ի փորձը փոխառելու համար:
Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի թիմ ունենք՝ ուժեղ, հզոր, բազմաքանակ ու պրոֆեսիոնալ: Եվ միայն իրար հետ, կյանքի ենք կոչում գործուն ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը, որը համահունչ է մեր երկրի կարիքներին, որը համաքայլ է համաշխարհային զարգացումներին, որը համագործակցելի է աշխարհի զորեղների հետ, որին սիրում, հավատում ու վստահում է մեր ժողովուրդը:
Մենք ունենք նպատակներ ու խնդիրներ, որոնք հաստատված են կառավարության ծրագրերով և որոշումներով: Ունենք հստակ անելիքներ, որոնց թվում են, մասնավորապես՝ աղետների ռիսկերի կառավարման համակարգի արդիականությունը ու աղետներից կորուստների նվազեցումը, բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը:
Ես շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարությանը համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, շնորհակալ եմ նախարարությունների, գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների իմ բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհավորում եմ մեր բոլորի տոնը, ցանկանում եմ Ձեզ առաջին հերթին առողջություն և անփորձանք աշխատանք, բարեկեցություն, խաղաղություն, սեր ու երջանկություն ձեր ընտանիքներին: Հիշե՛ք, որ ամեն ինչ արվելու է , որ բարելավվեն ձեր կենցաղային և աշխատանքային պայմանները, բարեփոխվի կյանքի որակը, որովհետև նաև ձեզնով է պայմանավորված մեր երկրի բնականոն զարգացումն ու բնակչության կյանքի որակը:
Կրկին շնորհավոր ու կեցցե՛ մեր բոլորի կողմից կառավարվող, մեր անկախ և աղետակայուն երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը: Աստված մեզ բոլորիս պահապան»:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
13:05 02-04-2019
Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով. Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Թալիշ
2519 դիտում
22:11 01-06-2016
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը՝ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»