91003 դիտում
12:11 08-09-2018
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 2 Toyota-ները, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ. երթևեկությունը վերածվել է «աջաբսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի 35 MT 365 համարանիշի, Mercedes մակնիի 35 DԼ 991 համարանիշի, Toyota մակնիշի 065 HH 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 TN 110 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված ավտոմեքենաներից Toyota մակնիշի 065 HH 01 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավորներից մեկին։
Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ Toyota-ի վարորդ, ով վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի։
ՃՈ-ն այդ տեղեկությունը նույնպես պարզում է։
Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել և այն վերածվել է իսկական «աջաբսանդալի»։ Երևանի ճանապարհային ոստիկաններն էլ մեծ դժվարությամբ են հեռացնում հետաքրքրասեր վարորդներին, որոնց պակաս մեր հանրությունը չունի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+