10025 դիտում
15:36 10-09-2018
Եթե բեմում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն է, ուրեմն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա… կայացավ նվագախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա: /Հ. Թումանյան/
Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբն արդեն երեք տասնամյակից ավելի հանդիսատեսին է ներկայացնում մաքրամաքուր ու զուլալ հայ ազգային երաժշտությունը:
«Երկրաշարժից հետո հիշում եմ, Տեքստիլագործների մշակույթի պալատի բեմի հետնամասում էինք ապրում: Այդ ժամանակահատվածում նվագախումբն իր փորձերը անցկացնում էր մշակույթի պալատի բեմին և ամեն օր ակամա ունկնդիր էի դառնում»,-իր հիշողություններով մեզ հետ կիսվեց ժող. գործիքների պետական նվագախմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը,-զգացի, որ կարող եմ իմ լուման ունենալ խմբի զարգացման գործում, դիմեցի նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջ. Խաչատրյանին ու աշխատանքի անցա որպես մեներգչուհի, ինչպես նաև ստանձնեցի երգիչների որակի բարձրացման պատասխանատուի աշխատանքը»:
2001-ից խումբն ունեցավ նոր գեղարվեստական ղեկավար…Շիրակցիները լավ գիտեն, որտեղ նպատակասլաց ու աշխատասեր Ջեմմա Քաղցրիկյանն է՝ այնտեղ ծաղկող երգարվեստն ու որակյալի գերակայությունն է: Էլ ավելի մեծ քայլերով շարունակվեցին ազգային երգը անաղարտ ներկայացնող խմբի վերելքները, հաղթանակներն ու շրջագայությունները: Աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձան, երբ գեղարվեստական ղեկավարին որպես օգնող ուժ միացավ երգիչ, դիրիժոր Կարեն Մայիլյանը:
«Կարենի օգնությամբ սկսեցինք առավել մանրակրկիտ ու հատվածաբար աշխատել խմբի հետ, ինչը ակնհայտ բարձրացրեց խմբի որակաը,-նշում է տիկին Քաղցրիկյանը և հավելում,- ազգային երաժշտությունը պահմանելն ու անաղարտ հանդիսատեսին հասցնելը երբենմ զոհողություն է պահանջում, ես հրաժարվեցի իմ մյուս աշխատանքներից, որ իմ ամբողջ ուժն ու կարողությունը ներդնեմ այս խմբի զարգացման գործում»:
Եթե բեմին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն է, ուրեմն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա…Խումբը միշտ պատրաստ է ըստ պատշաճի ներկայանալ հանդիսատեսին, հանդիսատեսն էլ միշտ կարոտով է սպասում սիրված խմբի ելույթներին: Մեծածավալ համերգներից մեկն էլ Գյումրու ժող. գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգն էր, որտեղ հնչեցին ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները և մշակումները:
Նվիրյալ երաժիշտների ջանքերը բարձր գնահատանքի արժանացան ոչ միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի կողմից. Մինչ համերգը տեսասկավառակի տեսքով հասանելի կլիներ հանդիսատեսին , «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այն արդեն ճանաչվել է տարվա լավագույն ալբոմ, տարվա լավագույն երաժշտախումբ անվանակարգում նույնպես հաղթել է Գյումրու ժող. Գործիքների պետական նվագախումբը:
«Քեզ եմ հիշում» խորագրով տեսասկավառակի հանդիսավոր շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Գյումրիում, իդեպ, խորհրդանշորեն այն կայացավ հենց այն կիսամութ ու խարխուլ տնակում, որտեղ տարիներ շարունակ երաժիշտներն ամեն օր անցկացնում են փորձերը: Նշենք, որ 1990 թվականից խումբը տեղակայված է շինարար, բարերար Աշոտ Գալոյանի նվիրաբերած տնակում:
Շնորհանդեսին մասնակցել են ինչպես մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ հանրաճանաչ արտիստներ, ժողովրդական ու վաստակավոր գործիչներ՝ ՀԽՍՀժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Մկրտիչ Մալխասյանը, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:
Տեսասկավառակի շնորհանդեսը օրվա միակ դրական նորությունը չի եղել, հայտարարվել է, որ շուտով ժող. գործիքների պետական նվագախումբը ավելի հարմարավետ պայմաններում կկարողանա գործունեություն ծավալել: «Շատ շուտով նվագախումբը կսկսի աշխատել Խրիմյան Հայրիկ 19 հասցեում: Օյունջյան հիմնադրամի և պետական բյուջեի հրատապ ծրագրերի միջոցներով կվերանորոգվի շենքը»,-ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Մինչ կհիմնանորոգվի նոր շենքը, երաժիշտները հին տնակում , բայց նոր հույսերով կանցկացնեն փորձերը, կանգ առնելու ժամանակ չկա, միշտ պատրաստ աշխատանքի…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
17358 դիտում
22:54 17-05-2015
Վանաձորում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)