2044 դիտում
11:35 11-09-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկել են հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձել է ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և Սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը:
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:
Մասնավորապես խոսվել է Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների և հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարևորվել է Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվել է ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում և Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում:
Տիար Պերճ Սեդրակյանը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանված` 4-ից 18-րդ դարերի հոգևոր-մշակութային գանձեր և սրբություններ:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձել է ցուցահանդեսի բացառիկությանը` ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը և աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության համար։
Նմանատիպ նյութեր
961 դիտում
17:04 15-12-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահի հետ
1217 դիտում
12:31 04-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահին
Այս բաժնից
1504 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
826 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան