211652_close_icon
views-count32013 դիտում article-date 17:17 11-09-2018

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կարկուտը մեծ վնասներ է հասցրել Քարինջ համայնքին. ավերվել են ցանքատարածություններ, պտղատու այգիներ, ջարդվել ավտոմեքենաներ, տների, դպրոցի ու մանկապարտեզի տանիքները, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Լոռու մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով մեծապես տուժել է Քարինջ համայնքը։ Կարկուտը վնասել է գյուղի շենք-շինությունների տանիքներն ու ապակիները, փչացրել ցանքատարածություններն ու այգիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են նաև գյուղի մանկապարտեզի, դպրոցի ապակիներն ու տանիքները, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչները։ Գյուղացիները նշում էին, որ գրեթե ձվի չափ կարկուտի հետևանքով պտղատու ծառերից ողջ բերքը թափվել է գետնին։ Կարկուտը վնասել է նաև գյուղացիների ավտոմեքենաները։ Նշված համայնքի բնակիչները այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հավաքվել էին համայնքապետարանի դիմաց, որտեղ համայնքապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով։ Այն արդեն սկսել է հաշվարկել կարկուտի հասցրած վնասի չափը։ Այս պահի դրությամբ գյուղացիները հաշվարկել են միայն տների տանիքներին հասցված վնասի չափը, որը կազմում է մոտ 45 մլն ՀՀ դրամ։ Խնդրին ծանոթանալու համար Լոռու մարզպետի հանձնարարականով Քարինջ են այսօր եկել մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր հաշվարկված վնասի չափը ներկայացնելու են կառավարությանը։ Գյուղացիները խնդրանքով դիմում են կառավարությանը, որպեսզի կառավարությունը աջակցի իրենց հասցված վնասի հարցում, քանի որ, ինչպես իրենք նշեցին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, շատերը վարկեր են վերցրել բանկերից, իսկ պարտքերը պետք է փակեին բերքի վաճառքից ստացված եկամտով։ Գյուղի դպրոցի տնօրենն էլ նշեց, որ կարող է ջարդված ապակիները փոխել նորերով, սակայն դպրոցը մեծ բյուջե չունի, որպեսզի վերանորոգի ամբողջությամբ քանդված տանիքը։ Վնասվել է նաև բարձրավոլտ էլեկտրասունը, որը էլեկտրաէներգիայով էր ապահովում Դսեղ, Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Ահնիձոր գյուղերին։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր