211652_close_icon
views-count2728 դիտում article-date 17:34 12-09-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական ու եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նպաստավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է առավել ամրապնդել եւ նորովի զարգացնել: Օրենսդիր մարմնի ղեկավարը հյուրերին վստահեցրել է. «Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արժեւորել է երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանը, հարաբերությունների ընդլայնմանը՝ էապես ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը: Արա Բաբլոյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինան մտքեր են փոխանակել բազմաթիվ ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու եւ առկա ծրագրերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ փաստելով, որ տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ընդգծվել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Նմանատիպ նյութեր