211652_close_icon
views-count4824 դիտում article-date 14:14 13-09-2018

«Շանթ 2018». Զորավարժության ընթացքը ներկայացնում է ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը

«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարում հաշվարկված են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերի գործողությունները: «[url=https://armenpress.am/arm/news/947052.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, զորավարժության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է Ղարաբաղյան խնդրի հետ: Զորավարժության սցենարում Արցախի Հանրապետության ու զինված ուժերի գործողությունները նույնպես հաշվարկված են»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակը խաղաղից պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է: «Երբ խոսում ենք հղկման մասին, կատարելության հասնելու համար միշտ անելիք կա: Մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը, այդ թվում օրենսդրության բովանդակությունը, թե ինչ խնդիրներ կան, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել: Սցենարով այնպես է նախատեսված, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի: Այդ սցենարը պետք է մշակվի, և մենք ուզում ենք զորավարժությունների արդյունքում այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ այն նույնիսկ ամենաանսպասելի և ամենածանր սցենարներում կարողանա պահպանել աշխատունակությունը, պետության մարտունակությունն ու անհրաժեշտ կենսագործունեությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ զորավարժության սցենարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև պատերազմ հայտարարելը և պատերազմ հայտարարելուց հետո: «Վարչապետը ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է երեկ երեկոյան: Երկու փուլերում էլ վարչապետը երկու ներմուծական է արել, որոնք կառավարման համակարգը դրել են սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված սցենարը»,- ասաց Տոնոյանը: Հարցին, թե կարողացել են հաղթահարել այդ ներմուծականները, պաշտպանության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչությունը կարողացել է: Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մյուսները՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն և եզրակացություններ կլինեն: Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Նմանատիպ նյութեր