211652_close_icon
views-count3807 դիտում article-date 22:40 21-09-2018

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Վիեննայում էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանին։ Համաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցությանը: Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը, բաց է կառուցողական երկխոսության և համագործակցության համար: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և որ հայկական կողմը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանում կազմակերպել տարածաշրջանային և միջազգային հանդիպումներ: Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև աշխատանքային մի շարք հանդիպում-քննարկումներ: ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է Երկրի համագործակցության շրջանակային փաթեթը: ԱԷՄԳ-ի սեյսմիկ ու հրաբխային անվտանգության ռիսկերի գնահատման բաժանմունքի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի մասով ծրագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել ԱԷՄԳ-ի նախնական առաքելություն ՀԱԷԿ-ի սեյսմիկ և հրաբխային ռիսկերի ծրագրի գնահատման նպատակով: ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի սթրես թեսթի արդյունքները և առաջարկությունների իրականացման նպատակով մշակված պլան-ժամանակացույցը: ԵՄ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան և տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական հաշվետվություն ներկայացնել 2019 թվականի սեպտեմբերին: ԵՄ-ի առաքելությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերից: ԱՄՆ Տեխասի նահանգի Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են ինստիտուտի հնարավորությունները, ինչպես նաև՝ ուսումնական վարժանք իրականացնելու մեծ փորձառությունը: Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստանից ևս մասնակիցներ ներգրավել վարժանքներին: ՀՀ պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է նաև ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակով օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Այցի շրջանակում պատվիրակները մասնակցել են նաև Ղազախստանի պատվիրակության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անդամակցությանն ԱԷՄԳ-ի Արևելյան եվրոպական խմբին, այնուհետև այցելել են Ֆրանսիայի Հանրապետության ցուցահանդեսին՝ նվիրված ատոմային մոդուլյար էներգաբլոկներին: Նշենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանն անցկացվում է սեպտեմբերի 17-ից 21-ը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր