211652_close_icon
views-count6843 դիտում article-date 15:01 28-09-2018

Արտակ Շաբոյանը Թբիլիսիում խոսել է ՀՀ-ում մրցակցության ոլորտի զարգացման եւ առկա խնդիրների մասին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ եւ այլ պաշտոնյաներ: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Թբիլիսի է մեկնել նաեւ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարը իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների կարեւորությունը՝ նշելով որ այն բացառիկ հարթակ է՝ աշխարհի տասնյակ երկրների տնտեսական մրցակցության ոլորտի պատասխանատուների հանդիպման, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, ինչպես նաեւ ոլորտում առկա մարտահրավերների շուրջ բանավեճի համար: «ՀՀ-ում մրցակցության զարգացման միտումներն ու հիմնախնդիրները» թեմայով ելույթի ընթացքում Արտակ Շաբոյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում վերջին տարիներին մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը՝ ներկայացնելով օրենսդրական բարեփոխումներից մինչեւ տնտեսվարողների համար առավել բարենպաստ եւ առանց մուտքի խոչընդոտների մրցակցային պայմանների ստեղծմանն ուղղված տեսանելի աշխատանքները: Գործընկեր կառույցների ղեկավարները գոհունակությամբ են խոսել ՀՀ մրցակցային մարմնի կատարած աշխատանքների մասին եւ ընդգծել, որ առավել տպավորիչ են մի շարք ոլորտներում, հատկապես շուկա մուտքի խոչընդոտների վերացման, անբարեխիղճ մրցակցության եւ հակամրցակցային գործողությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը, որոնք էապես կարող են դրական փորձ լինել՝ մի շարք երկրների համար:

Նմանատիպ նյութեր