211652_close_icon
views-count1654 դիտում article-date 17:16 15-03-2016

Բենզինի գները վերջին 2 տարում Հայաստանում 32 տոկոսով նվազել են, պնդում է Արտակ Շաբոյանը

Բենզինի գինը վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում ավելի շատ նվազել է, քան թանկացել: Այս պնդումը արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` խորհրդարանում ներկայացնելով հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը և պատասխանելով պատգամավորների հարցերին: «Եթե դոլարով նայենք, Հայաստանում բենզինի վաճառքի գները նվազել են 32 տոկոսով, մենք տեսել ենք, որ վաճառքի գների նվազումը ադեկվատ է ձեռքբերման գների նվազման»,- հայտարարեց Արտակ Շաբոյանը` ավելացրեց, որ հանձնաժողովը չարաշահումներ չի հայտնաբերել: Գաղտնիքը, որ սպառողի համար սա այնքան էլ տեսանելի չէ, ըստ Արտակ Շաբոյանի, այն է, որ Հայաստան բենզինը ներկրվում է արտարժույթով, իսկ վաճառվում դրամով: Այսինքն` քանի որ Հայաստանի արժույթը վերջին տարիներին արժեզրկվել է, սա իր ազդեցությունն է ունեցել բենզինի գների վրա:   Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրերով և մտնելով Եվրասիական տնտեսական միություն, ազատված է վառելիքի ներկրման, արտահանման մաքսատուրքերից: Մինչդեռ, Արտակ Շաբոյանին հարց ուղղած Նիկոլ Փաշինյանը բերեց այլ երկրների օրինակներ, այդ թվում Վրաստանի, որտեղ բենզինը շատ ավելի էժան է: Ըստ Արտակ Շաբոյանի` Վրաստանում վառելիքի էժանության հարցում էական դեր ունեն տեղափոխման ծախսերը, որոնք Հայաստանի դեպքում ավելի մեծ են, ինչպես նաև այն, որ Վրաստանը բենզին է ներկրում նաև Ադրբեջանից ու Թուրքմենստանից `համեմատաբար շատ ավելի ցածր գներով: ՏՄՊՊ նախագահը չզլացավ նաեւ ներկայացնել Մեծ Բրիտանիայի վիճակագրական տվյալ, համաձայն որի, ՀՀ-ում բենզինը շատ ավելի էժան է, քան`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: ՏՄՊՊ նախագահի պատասխանը չբավարարեց Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարեց, որ Հայաստանում «Ռոսնեֆտը» բենզինը սահմանում վերցնելով և այն հայկական ընկերություններին տրամադրելով` 1 տարվա ընթացքում 30 միլիոն դոլարի շահույթ է ունեցել:

Նմանատիպ նյութեր