Ունաի Էմերի. Մխիթարյանը չի կարող խաղալ Բաքվում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպայի լիգայում «Ղարաբաղի» հետ խաղից առաջ Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
29-ամյա ֆուտբոլիստը հանդիպումը բաց կթողնի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով:
«Մխիթարյանը չի կարող այսօր այստեղ գալ: Մենք այստեղ ենք, խաղացողները հիանալի տրամադրություն ունեն, նրանք պատրաստ են հանդիպմանը:
Արդյո՞ք Հենրիխը կկարողանա խաղալ եզրափակիչում, որը կայանալու է Բաքվում: Մինչև եզրափակիչ երկար ճանապարհ է: Մենք մտածում ենք միայն այս խխաղի մասին:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, ապա իմ աշխատանքը ֆուտբոլն է: Ես հարգում եմ յուրաքանչյուր անհատի, ամեն մշակույթ և ամեն պետություն:
Սակայն ես տեղյակ չեմ, թե ինչ իրավիճակ է տիրում բոլոր երկրներում: Ուղղակի գիտեմ, որ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը», ասել է Էմերին:
Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին: