211652_close_icon
views-count3705 դիտում article-date 21:11 09-10-2018

Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոն ավան, որտեղ ֆրանկոֆոն 38 երկրներ ներկայացել են իրենց տաղավարներով: Ավանը կրում է «Ապրել և ստեղծել միասին» խորագիրը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի անդամներ, այլ հյուրեր: Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ Կամո Արեյանն իր ելույթի խոսքում նշել է. «Ֆրանկոֆոն ավանը խաչմերուկ է և հանդիպման վայր մշակույթների և քաղաքակրթությունների համար: Սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի մեր 2800-ամյա մայրաքաղաքի, իր բնակիչների ու զբոսաշրջիկների համար, բացառիկ հնարավորություն՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհի գեղեցկությանն ու բազմազանությանը հանդիպելու մեկ վայրում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Երևանը 1998 թվականից ի վեր Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է»: Ֆրանկոֆոն ավանում առանձին տաղավարներով են ներկայացել Հայաստանը և մայրաքաղաք Երևանը: Այստեղ հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ մայրաքաղաքի մշակութային, պատմական, զբոսաշրջային արժեքներին: Բացման արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով և հյուրասիրությամբ: Նշենք, որ ավանի բացման համար հոկտեմբերի 9-ը պատահական օր չէ: Այս օրը նշվում է որպես Ֆրանկոֆոն երիտասարդների օր: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր