2251 դիտում
12:25 11-10-2018
Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան
Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտների և ճգնաժամերի հանգուցալուծման համար: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադարձ կատարելով մարդկությանը սպառնացող մարտահրավերներին՝ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը»,- «[url=https://armenpress.am/arm/news/950557.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Նա նշեց, որ խոսքը արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է։
«Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»,-ասաց նա։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Նրա խոսքով, վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։
«Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
23:59 02-10-2022
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը. թուրքագետ Վարուժան Գեղամյան
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին